ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերթական աղմկահարույց բացահայտումն է կատարել. ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են 2009թ. Լոնդոնի  G20 գագաթաժողովի որոշ մասնակիցների բանակցությունները: Գաղտնալսվել են նաեւ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսակցությունները: 

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնը  (GCHQ)  2009թ.  G20 գագաթաժողովի ժամանակ կիրառել էր նորագույն հետախուզական տեխնոլոգիաներ` գագաթաժողովի պատվիրակներին լրտեսելու համար:
Հրատարակչությունը պնդում է, որ Մեդվեդեւի եւ ռուսական պատվիրակության անդամների բանակցությունները գաղտնալսել են բրիտանական ռազմաօդային ուժերի ռազմակայաններում աշխատող ամերիկացի լրտեսները: Նրանք աշխատել են  GCHQ-ի իրենց գործընկերների հետ համատեղ:

Ընդ որում, գործակալները գաղտնալսման ոչ ավանդական միջոցներ են կիրառել: Նրանք հատուկ ինտերնետ-սրճարան էին բացել պատվիրակների համար, որտեղ դրված համակարգիչներում տեղադրվել էին սրճարանի հաճախորդի էլեկտրոնային փոստին հետեւելու ծրագրեր, գրում է  dni.ru-ն: 

Հատկանշական է, որ գագաթաժողովի մասնակիցներին հետեւելու վերաբերյալ տվյալները  հայտնվել են հենց G8-ի հանդիպումն սկսվելուց առաջ, որն այս տարի եւս Մեծ Բրիտանիայում է:  Գագաթաժողովը կսկսվի հունիսի 17-ին` Հյուսիսային Իռլանդիայում: