Պարբերաբար սպորտով զբաղվելու սովոր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիրներ ունի «մեծ ությակի» գագաթաժողովում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանակին զբաղեցրել է հյուրանոցի մարզասրահը` Պուտինին մարզումների համար թողնելով միայն տեղի լիճը, գրում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ խնդիրներ կարող է ստեղծել 69 մ խորությամբ լճի՝ նույնիսկ ամռանը բավական պաղ ջուրը:
Թեեւ բրիտանական The Times-ը չի բացառում, որ Պուտինին դա կարող է նույնիսկ դուր գալ: Սակայն եթե նախագահը որոշի լողալ, նրան կարող են խանգարել բրիտանական ոստիկանությունը, ԱՄՆ-ի ծովայինները եւ լճի կենդանական աշխարհը:
Մարզասրահների հետ կապված ստեղծված դրությունը The Sun –ը բնութագրել է «սառը պատերազմ»: Ըստ հրատարակչության` Օբաման չի ցանկացել ռուսաստանցի գործընկերոջը զիջել ֆիթնես սրահը, ոչ էլ միասին մարզվելու հնարավորությունն է դիտարկել:
Թերթի աղբյուրը պատմել է, որ Պուտինն էլ, Օբաման էլ մարզասրահի հանդեպ հավակնություններ են ունեցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի մարդիկ հասցրել են այն ավելի շուտ պատվիրել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը կարող է «խոչընդոտ» դառնալ, սակայն ռուսներն արագ նահանջել են: Պուտինի ներկայացուցիչները հայտնել են, որ ՌԴ նախագահը կարող է վաղ առավոտյան լողալ լճում` մարզասրահում քրտնելու փոխարեն, գրում է NEWSru.com-ը:
The Sun-ը հիշեցնում է, որ ՊԱԿ-ի 60-ամյա նախկին սպա Պուտինը հայտնի է «մաչոյի» իր կերպարով եւ մաքուր օդի նկատմամբ սիրով, այդ պատճառով էլ դժվար թե նրան վախեցնի սառը ջուրը:




























