ԿՀՎ նախկին աշխատակցի «կեղծ տեղեկությունները» ԱՄՆ-ի` Չինաստանի նկատմամբ հաքերային հարձակումների վերաբերյալ, աստիճանաբար պատճառ է հանդիսանում երկու երկրների միջեւ սկանդալի: Գործին խառնվել է Չինաստանի ԱԳՆ-ն, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Նախորդ շաբաթ Սնոուդենը պարբերականին պատմել էր այն մասին, որ ԱՄՆ-ն հետեւում է չինական համակարգչային համակարգերին` սկսած 2009թ: Նրա խոսքով` հարձակումների օբյեկտ են դառնում տեղի պաշտոնյաները, գործարարները, ուսանողները:

ԱՄՆ-ում կասկածել են, որ Սնուդենը կարող է համագործակցել Չինաստանի հետ: Այս մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին` Սնոուդենին կոչելով «դավաճան»: Իր կասկածների մասին Չեյնին հայտարարել է Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Չեյնիի մեղադրանքները` դրանք դատարկաբանություն կոչելով:

Reuters-ի հաղորդմամբ Հոնկոնգի բնակիչները պաշտպանում են Սնոուդենին` ցույցեր կազմակերպելով եւ հակաամերիկյան լոզունգներ վանկարկելով:

Ավելի վաղ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է մնալ Հոնկոնգում, եւ դատական կարգով կբողոքարկի ԱՄՆ փորձը` իրեն արտահանձնելու վերաբերյալ: