Ուկրաինայի ընդդիմադիր «Ուդառ» (Հարված) կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն առաջին անգամ իր վարկանիշով առաջ է անցել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից: Այդ մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որն անցկացրել է Սոցիոլոգիայի Կիեւի միջազգային ինստիտուտը: Ըստ այդմ, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային նախոր ամսվա վերջին, հայտնի բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Կլիչկոն ամենաշատ ձայները կստանար , հաղորդում է NEWSru.ua-ն:
Սոցիոլոգիայի Կիեւի միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Կլիչկոյի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների մոտ 16 տոկոսը, իսկ Յանուկովիչի օգտին՝ 14 տոկոսը: Գերագույն Ռադայի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների մոտ 10 տոկոսը, ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի օգտին՝ 6 տոկոսը, Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի օգտին՝ ընդամենը 4 տոկոսը:
Մինչ օրս բոլոր հարցումներով Յանուկովիչն առաջին տեղում էր: Ներկա հարցումը տեղի է ունեցել մայիսի 21-30-ին, որին մասնակցել է 2030 մարդ, Ուկրաինայի բոլոր շրջաններում:




























