Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պայմանավորվել են ռուս-ամերիկյան գագաթաժողով անցկացնել Մոսկվայում` սեպտեմբերի 3-4 -ին: Այս մասին ասված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել էր G-8-ի գագաթաժողովի շրջանակում:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ընդլայնել ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի միջեւ երկխոսությունը: Կաշխուժանա նաեւ երկխոսությունը երկու երկրների արտգործնախարարությունների եւ պաշտպանության նախարարության միջեւ, հայտնում է nakanune.ru-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նախագահները ամփոփիչ երեք հայտարարություն են ընդունել: Նրանք պայմանավորվել են մանրամասն քննարկել երկկողմ եւ միջազգային հարցեր Մոսկվայում կայանալիք գագաթաժողովում, մեկ ամսվա ընթացքում ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ՝ կիբերանվտանգության ոլորտում, ինչպես նաեւ հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարվող համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին:
Նախագահների հանդիպումը տեւել է նախատեսվածից ավելի երկար` 1 ժամ 50 րոպե:
Պուտինն ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է, որ խոսել են միջազգային խնդիրների, անվտանգության, տնտեսական համագործակցության մասին:
Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին հանգամանալից զրույցի համար` նշելով առեւտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու անհրաժետությունը:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն մտադիր են շարունակել համագործակցությունը միջուկային, քիմիական եւ զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների ոչնչացման բնագավառում:
Օբաման քննարկված հարցերի շարքում թվարկել է նաեւ իրավիճակը Սիրիայում, Իրանոմ, ԿԺԴՀ-ում, ռազմավարական կայունության հարցեր: Խոսելով Իրանի մասին` երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել, որ այնտեղ կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կնպաստեն միջուկային խնդրի լուծմանը: Առաջնորդները նաեւ քննարկել են ԿԺԴՀ-ի խնդիրները:
Բացի դրանից, ամերիկացի առաջնորդը հույս ունի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ:




























