ԱՄՆ-ի կառավարությանը չի հաջողվի թաքցնել այս ամենը` ինձ բանտ նստեցնելով կամ սպանելով: Ճշմարտությունը կբացահայտվի, հայտարարել է  գաղտնի տեղեկության արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենը The Guardian-ի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝  պատասխանելով  հարցին, թե ում հասանելի կլինեն գաղտնազերծված փաստաթղթերը, եթե իր հետ որեւէ բան պատահի: ԿՀՎ-ի եւ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի նախկին աշխատակիցը երկու ժամ պատասխանել է թերթի ընթերցողների հարցերին:

Սնոուդենը հայտնել է, որ իր լռությունը չի կանխելու ամերիկյան հատուկ ծառայությունների հետագա դիմակազերծումը: Սնոուդենը նաեւ պատմել է, որ    հենց Հոնկոնգն էր թաքնվելու վայր ընտրել, քանի որ իրեն այնտեղ չէին կարող անմիջապես ձերբակալել:  Ընդ որում նա կտրականապես հերքել է  չինական հետախուզության հետ համագործակցելու ենթադրությունը: 

Երկրից իր փախուստը նա մեկնաբանել է նրանով, որ չի հավատում արդար դատաստանին: «Ամերիկյան կառավարությունը նման դեպքերում անմիջապես եւ կանխատեսելի ոչնչացրել է  ԱՄՆ-ի տարածքում արդար դատավարության ցանկացած հնարավորություն` ինձ բացահայտ մեղադրելով պետական դավաճանության մեջ…», - հայտնել է Սնոուդենը, հաղորդում է  lenta.ru-ն:

Ըստ ԿՀՎ-ի նախկին գործակալի` ինքը հետաձգել էր փաստաթղթերի հրապարակումը, քանի որ կարծում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո կտրուկ փոփոխություններ տեղի կունենան: Սնոուդենը հայտնել է, որ հիասթափվել է Բարաք Օբամայից, որը նպաստել է մի քանի անօրինական ծրագրերի հաստատմանը, ինչպես նաեւ չի խանգարել Գունտանամոյում մարդու իրավունքների խախտմանը: