ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանավորվել են ակտիվացնել Սիրիայի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները: Այս մասին Հյուսիսային Իռլանդիայում G-8-ի գագաթաժողովի շրջանակում ամեիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք Ժնեւի միջազգային կոնֆերանսում սիրիական հակամարտող կողմերին դրդել, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ նստեն», - Պուտինի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Որոշ հարցերում մեր դիրքորոշումները չեն համընկնում, սակայն մեզ միավորում է բռնությունը դադարեցնելու, Սիրիայում զոհերի թվի աճը դադարեցնելու, խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ձգտումը», - Օբամայի հետ զրույցից հետո հայտարարել է Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ իր աշխատակազմին կհանձնարարի Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով երկրորդ միջազգային կոնֆերանսի նախապատրաստությամբ զբաղվել. «Մենք ընդհանուր շահագրգռվածություն ունենք կատարվող բռնությանը վերջ տալու, ինչպես նաեւ այն քիմիական զենքը վնասազերծելու համար, որը կարող է գտնվել Սիրիայում՝ դրա կիրառումն ու տարածումը կանխելու նպատակով», - բանակցություններից հետո հայտարարել է Օբաման:
Ամերիկյան մամուկը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը բավական սառն է եղել: Օբաման եւ Պուտինը բացահայտ տարաձայնություններ են ունեցել Սիրիայի հարցում, գրում է gazeta.ru-ն:




























