Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մարտի 4-ին կայացած նիստում խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

«2010 թվականին մեզ համար նշանակություն է ունենալու գյուղատնտեսությունը եւ մենք պարտավոր ենք այնպիսի միջոցառումներ անցկացնել, որոնք հնարավորություն կտան գյուղատնտեսությունում առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճի հասնել, եւ դա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության նախարարությանը, պետք է առավել արդյունավետ օգտագործել: Արդյո՞ք այսպիսին է վիճակը այսօր»,- վերջում հռետորական հարց է հնչեցրել վարչապետը՝ հիշեցնելով, որ Վերահսկիչ պալատը 2008-2009 թվականներին գյուղնախարարությունում գնումների վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում լուրջ բացթողումներ, թերություններ ու խախտումներ է բացահայտել:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ: Սակայն դրանք ոչ միայն չեն շտկվել, այլեւ 2010-ին ձեռք են բերվել փաստանյութեր, ըստ որոնց՝ բացթողման գները գրեթե երկու անգամ գերազանցվել են:

«Վարչապետի վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններով պարզել է, որ հիշյալ նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչությունների պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը պատասխանատու էր 2010 թվականի միջոցառումները պատշաճ կատարելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի իրավիճակը շտկվի»,- նշել է վարչապետը եւ հանձնարարել գյուղատնտեսության նախարարին՝ միջնորդությամբ դիմել Քաղաքացիական ծառայության խորհրդին՝ ծառայողական քննություն անցկացնելու վերոհիշյալ պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար: