ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից իրականացվող լրտեսման ծրագրի պաշտպանությամբ:

«Կարող եմ վստահաբար ասել, որ եթե դուք ԱՄՆ-ի քաղաքացի եք, ԱԱԳ-ն չի կարող լսել ձեր հեռախոսազրույցները եւ կոտրել էլեկտրոնային փոստերը», - PBS հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայրենակիցներին հանգստացրել է Օբաման, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օբաման հիշեցրել է երկու ծրագրերի մասին, որոնք մոտ մեկ շաբաթ առաջ բացահայտել էր ԱԱԳ-ի ընկերություններից մեկի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

«Դրանցից առաջինը՝ «2015» անունով, նախատեսում է հեռահաղորդակցային ընկերությունների տվյալների հավաքագրում: Ենթադրենք, իմ համարից զանգ է եկել  ձեր համարին: Ոչ մի անուն, խոսակցության ոչ մի բովանդակություն, միայն համարները, զանգի ժամանակը եւ տեւողությունը», - նշել է նախագահը:

«Երկրորդ ծրագիրը կոչվում է «702» եւ չի կարող տարածվել ամերիկացիների վրա: Այն սերտորեն կապված է ահաբեկչության դեմ պայքարի, զենքի տարածման, կիբերհարձակումների եւ այլնի հետ», - ասել է Օբաման՝ ընդգծելով, որ բոլոր այդ ծրագրերին հավանություն է տվել Կոնգրեսը:

Հիշեցնենք, օրերս ԱՄՆ-ում ԱԱԳ-ի գործունեության հետ կապված սկանդալ էր ծագել: ԱԱԳ-ի լրտեսական գործունեության մասին բացահայտումներ էր կատարել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: