Կանադահայ մի խումբ երիտասարդներ նամակ են տարածել ի պաշտպանություն Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի:
Նամակում, մասվարորապես, ասվում է.
«Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Կանադայի ողջ հայությունը եւ հատկապես մոնրեալահայությունը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ անարդար մի որոշման, ըստ որի Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն պետք է լքի Կանադան, ուր ավելի քան տասը տարի հանդիսանում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Իր անսահման նվիրվածությամբ Բագրատ Սրբազան Գալստանյանը մեծ ավանդ ունի Կանադայի հայ առաքելական եկեղեցու թեմի ամրապնդման եւ կանադահայության համախնբման գործում: Այդ փաստի վառ ապացույցներից է նաեւ այն, որ վերջերս նա արժանացավ «Diamond Jubilee Medal of Queen Elizabeth II» մեդալին: Դժգոհության ալիքը ավելի մոլեգնեց, երբ հայտնի դարձավ, որ մի խումբ մարդիկ, կուսակցական շահերը վեր դասելով եկեղեցականից, կազմակերպել են անարդար քվեարկություն: Սա ոչ հարգալից քայլ է ուղղված հայ եկեղեցու եւ նրա հետեւորդների դեմ: Չհանդուրժելով անարդարությունը` կանադահայությունը համախմբվել է ի պաշտպանություն Բագրատ Արբազանի: Արդեն կես ամսից ավելի է, ինչ գործում է ինտերնետային կայք, որի միջոցով ստորագրահավաք է կազմակեպվում ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառին կեղծված ընտրությունները չեղյալ համարելու պահանջով:
«Nous sommes l’église», «We Are The Armenian Church and Bishop Bagrat is Our Primate» «Մենք ենք հայ եկեղեցին եւ Բագրատ Սրբազանը մեր առաջնորդն է» - սա է կանադահայության պահանջը:
Վերահաստասելու համար պայքարի շարունակականությունը եւ Բագրատ Սրբազանի հանդեպ մեծ հարգանքը՝ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, պատարագի ժամանակ մոնրելահայությունը լուռ խաղաղ ցույց էր կազմակերպել Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Պատարագի ավարտից հետո, ակցիայի մասնակիցները մոմավառությանբ եւ «Հայր Մեր» աղոթքով ներս մտան եկեղեցի` ավարտին հասցնելով իրենց ակցիայի առաքելությունը եւ հույս փափագելով, որ ի վերջո արդարությունը կթակի մեր դուռը: Ավաղ, լինի դա հայրենիքում թե օտար ափերում, սակայն երեւի թե հայ մարդը այլեւս դատապարտված է արդարության համար մղվող անվերջ պայքարի:
Այսօրվա պատարագին, որ վարում էր ինքը Բագրատ Սրբազանը, Եկեղեցին լեփ-լեցուն էր, մարդիկ համակված են տխրությամբ եւ վրդովմունքով, քանի որ չեն համակերպվում այն փաստի հետ, որ պետք է հրաժեշտ տան Սրբազանին, այլ պահանջում են, որպեսզի վերջինիս հնարավորություն տրվի շարունակելու իր անգնահատելի եւ հայանպաստ ծառայությունը Կանադայում»:




























