Հայաստանցի սահմանախախտների ընտանիքը, ամենայն հավանականությամբ, երկար «կմնա» Ադրբեջանում: Հիշեցնենք, որ խոսքը Գեւորգյանների ընտանիքի մասին է, ովքեր 2010թ հունվարին փախել էին Ադրբեջան: Ընտանիքի հայր Եղիշե Գեւորգյանը կասկածվում էր սպանությանը հանցակից լինելու մեջ եւ փախուստի միջոցով փորձել է խուսափել արդարադատությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ընտանիքին վերջերս կրկին այցելել են Միջազգային կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչերը: ԱՊԱ-ն նշել է, որ Գեւորգյանների ընտանիքը ցանկություն է հայտնել հանձնվել երրորդ երկրին: Ցանկությունն առայժմ չի կատարվել:

Ավելի վաղ տարածված հայտարարություններում նշում էր, որ ընտանիքը ժամանակավորապես բնակվում էր զորամասում: Ներկայումս ընտանիքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Գեւորգյանների ընտանիքը սահմանը հատել է 2010թ հունվարի 10-ին: Հաշվի առնելով ավտոմեքենայում երեխաների առկայությունը` հայկական կողմից կրակ չի բացվել: Ադրբեջանական կողմը ավտոմեքենայի ուղղությամբ կրակ է բացել: