Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եվրոպացի առաջնորդներին խնդրում է վերանայել ֆինանսական օգնության պայմանները: Բանկերի վատ նախապատրաստած վերակառուցման եւ սպասվածից ավելի մեծ տնտեսական անկման պատճառով երկիրը չի կարողանում կատարել վարկատուների հետ համաձայնեցված պայմանները:
Եվրամիություն ուղարկված նամակում նախագահը գրում է, որ բանկերի վերակառուցումը ընկերություններին զրկել է հետադարձ կապիտալից, պարտադրել է կապիտալի շարժերը վերահսկող միջոցառումներ, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Financial Times-ին:
Անաստասիադիսը խնդրել է հրաժարվել երկրի երկու խոշորագույն բանկերի վերակառուցման եւ միաձուլման ծրագրից, եվրոպական ԿԲ-ի կողմից բանկերին հատկացրած միջոցները փոխարկել երկարաժամկետ պարտատոմսերի: Այս հարցը կքննարկվի եվրագոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպմանը:
Միաժամանակ rbc-ի հետ հարցազրույցում պետության ղեկավարը հայտարարել է, որ ռուսները ինչ-որ չափով կվերահսկեն Կիպրոսի բանկը: Ըստ նրա՝ ռուսաստանցիների ներդրած ավանդները կփոխհատուցվեն բաժնետոմսերի տեսքով, ինչի շնորհիվ վերջիններս ինչ-որ չափով կվերահսկեն Կիպրոսի բանկը:



























