«Երեւանջուր» ընկերությունը փետրվարին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2010 թ. 1 խ/մ խմելու ջրի սակագինը 26 դրամով բարձրացնելու հայտ։ ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։

Նրա խոսքով, այս հայտը պայմանավորված չէ գազի գնի բարձրացմամբ։ «Ջրի գինը որոշելու՝ մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում չորս բաղադրիչներ՝ դրամի փոխարժեքի փոփոխությունը եվրոյի հանդեպ, ինֆլյացիան, վաճառվող ջրի ծավալները եւ էլեկտրաէներգիայի գների փոփոխությունները։ Քանի որ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություններ մոտ ապագայում չեն նախատեսվում, մենք հայտը ներկայացնելիս ուշադրություն ենք դարձրել առաջին երեք բաղադրիչներին»,-հստակեցրել է Մարգարյանը։

Ներկայացնելով ջրի օգտագործման եւ կորուստների ցուցանիշները Երեւանում եւ նրա շրջակա 31 բանակավայրերում, Մարգարյանը նշել է, որ 2009-ին ջրի սպառումը նվազել է 4 մլն խորանարդ մետրով, ինչը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ «Ջուր սպառող շատ ձեռնարկություններ ճգնաժամի հետեւանքով դադարեցրել են իրենց գործունեությունը»,- նկատել է նա՝ ընդգծելով, որ բնակչության պարագայում ջրի սպառումը, հակառակը, աճել է։ Ընդհանուր առմամբ, ընդգծել է Մարգարյանը, ջրի վաճառքը Երեւանում եւ նրա մերձակայքում կազմում է 55.5 մլն խ/մ։ Եւս 5.1 մլն խ/մ են կազմում ջրի տեխնիկական օգտագործման, մեծ ու փոքր շատրվանների շահագործման հետեւանքով գրանցված կորուստները։ Ընդհանուր առմամբ, ջրամատակարարման ոլորտում կորուստները կազմում են 80 տոկոս կամ մինչեւ 307.3 մլն խ/մ։ Սակայն, ինչպես հավաստիացրել է Մարգարյանը, այդ ցուցանիշը նվազման միտում ունի, եւ 2010 թ. կորուստները կկազմեն 287.5 մլն խ/մ։ Շինությունների ջրամատակարարման ներքին ցանցում կորուստները կազմում են 50 տոկոս։ Խոսելով Երեւանում եւ նրա մերձակայքում ջրամատակարարման տեւողության մասին՝ Մարգարյանը նշել է, որ այժմ այդ ցուցանիշը կազմում է միջինը 20.4 ժամ։ Սակայն ընթացիկ տարում բաժանորդների 96 տոկոսը շուրջօրյա ջուր կունենա։

Նշենք, որ ներկայումս 1 խ/մ ջրի համար սպառողները վճարում են 181 դրամ, բայց եթե"Երեւանջուր" ընկերության հայտը բավարարվի, 1 խ/մ ջրի ամար երեւանցիները կվճարեն 206. 976 դրամ։