Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն հրաժարական է տվել՝ ի նշան Լուքսորի նահանգապետի պաշտոնում իսլամիստ Ադել ալ Հայաթին նշանակելու դեմ բողոքի: Այս մասին նա հայտարարել է պետական հեռուստատեսության եթերում:

Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը չի ընդունել Զազուի հրաժարականը: Իր հերթին վերջինս հայտարարել է, որ չի կատարի իր գործառույթներն այնքան ժամանակ, քանի դեռ  ալ Հայաթը զբաղեցնում է  նահանգապետի պաշտոնը, գրում է gazeta.ru-ն:

Նախարարի խոսքով՝ ալ Հայաթը, լինելով արմատական «Ջամաա ալ Իսլամյա» ծայրահեղական խմբավորման ղեկավարներից մեկը,  համապատասխան չէ նահանգապետի պաշտոնին: Նա նաեւ հավելել է, որ տեղի ունեցածը հարված էր ամբողջ Եգիպտոսի զբոսաշրջությանը:

Ավելի վաղ Եգիպտոսի զբոսաշրջային ընկերությունների միությունը պահանջել էր փոխել  Լուքսորի նահանգապետին: