ԱՄՆ-ում ձերբակալել են Նյու Յորքի երկու բնակիչների, ովքեր փորձել են հարձակում գործել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա: Հունիսի 19-ին նրանք դատարանի առջեւ են կանգնել: Ձերբակալվածներից յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի չափով տուգանք:
ՀԴԲ-ն սկսել է հետեւել նրանցից մեկին` Գլենդոն Սքոթ Քրոուֆորդին, ով իրեն կոչել է «Կու-կլուս-կլանի» ներկայացուցիչ, երբ նա դարձել է սինագոգի անդամ եւ սկսել հետաքրքրվել զենքով, որով կարող է «սպանել Իսրայելի թշնամիներին, քանի դեռ նրանք քնած են»:
Քրոուֆորդը մտադրություն է հայտնել ոչնչացնելու այն մարդկանց, ովքեր խախտում են ԱՄՆ շահերը: Այդ ցուցակում նա նշել է մահմեդականներին, գրում է «Լենտա.Ռու-ն»:
Ամիսներ շարունակ նրա հանցակից Էրիյ Ֆեյտը մի սարք է պատրաստել, որը կարող է ռադիացիայի մահացու դոզաներ ճառագայթել: Նրանք ծրագրում էին հեռակառավարման միջոցով պայթեցնել այն, իսկ զոհ էր դառնալու մի քաղաքական գործիչ կամ մահմեդական կազմակերպություն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հետաքննությանը ծանոթ աղբյուրները պնդում են, որ հարձակման զոհ ծրագրվում էր դարձնել Բարաք Օբամային:




























