Բրիտանիայի իշխանությունները ՉԹՕ-ների մասին հարյուրավոր նյութեր են գաղտնազերծել: Պաշտպանության նախարարությունը, որը զբաղվում է  ՉԹՕ-ների ուսումնասիրմամբ, որոշել է հանրությանը նյութեր ցուցադրել՝ ապացուցելու համար, որ այլմոլորակայիններ չկան եւ նրանց կողմից վտանգ չի սպառնում:

ՉԹՕ-ների մասին 700-ից ավելի փաստաթղթեր պարունակող 25 թղթապանակներ են հրապարակվել՝ 2007-2009թթ. ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնվելով: Դրանք տարօրինակ երեւույթների ականատեսների վկայություններ են: Ամենաինքնատիպ վկայության հեղինակը մի երեխա է, որը երկնքում կասկածելի կրակներ է նկատել, նա նաեւ կցել է տիեզերանավից ձեռքը թափահարող այլմոլորակայինի նկար:

Մի անգլիացի էլ հայտնել է, որ արդեն քանի տարի է՝ այլմոլորակայինի հետ է ապրում, մեկ ուրիշի խոսքով՝ այլմոլորակայիններն արշավի ժամանակ  առեւանգել են իր շանը, մեքենան եւ վրանը, գրում է BBC-ն:

ՉԹՕ-ների գոյության մասին վկայող դեպքերը Բրիտանիայի իշխանությունները սկսել են ուսումնասիրել 1952թ.-ից: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՉԹՕ-ների մասին հաղորդումների մեծամասնությունը տրամաբանական բացատրություն ունեն, եւ միայն մի մասն են առայսօր անբացատրելի, գրում է  Sky News-ը: