Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը ինտերնետը մարդկության համար քննություն է համարում, քանի որ «համաշխարհային ցանցը» ոչ միայն անհատականության ձեւավորման յուրահատուկ լաբարատորիա է, այլեւ իր մեջ կրում է կործանիչ բնույթ։

РИА Новости գործակալության հաղորդմամբ, պատրիարքն այս մասին հայտարարել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ինտրենետը յուրատեսակ լաբարատորիա է, որտեղ ձեւավորվում է անհատականությունը, որտեղ որոշվում բնավորությունը»,-նշել է պատրիարքը՝ ընդգծելով, որ ինտերնետը նաեւ յուրատեսակ քննությունն է մեր ինքնության համար"։

Նրա կարծիքով, հենց համաշխարհային ցանցի տիրույթում մարդն անանուն կարող է տրվել ստին, անառակությանը, գռեհկությանը, ցանկություններին եւ առանց որեւէ պատժի ագրեսիա դրսեւորել։

«Ինչպես միջուկային ռումբը, ինտրենետը կարող է մարդկային քաղաքակրթությանը բերել կործանման, կամ էլ մեկուսացնել մարդկանց»,-կարծում է պատրիարքը։

Հիշեցնենք, որ որոշ հոգեւոր առաջնորդներ, այդ թվում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, Դալայ-Լաման ակտիվորեն օգտագործում են ինտերնետը, մասնավորապես՝ Հռոմի պապը գրանցված է Facebook-ում, իսկ Տիբեթի հոգեւոր առաջնորդը Twitter-ում։