«Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները եւ դա չի արել»,- մարտի 4-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում: Դավութօղլուն նաեւ գործընթացի դադարեցման սպառնալիքներ է հնչեցրել:

«Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր:

Այսինքն Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնց մասին հստակ ասվում է դեռեւս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:

Եւ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: