«Պանացեա» ՍՊԸ-ն վստահեցնում է, որ իր «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքում որեւէ վնասակար նյութ, հավելում չկա, այն արվել է եւ արվում է անարատ կաթից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանը` անդրադառնալով  Սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությանը, թե արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:

Նա պարզաբանեց, որ կասեցման որոշումը դեռ ընկերությունը չի ստացել, եւ եթե կասեցրած լինեին,  պետք է ավելի վաղ ասեին, որպեսզի արտադրություն չտար: Նա նշեց, որ մայիսի 31-ին  իրենց արտադրանքից նմուշառում են արել, փորձաքննություն նշանակել, որի պատասխանը եղել է բացասական: Դրանից հետո անցել է 10 օր, կատարել են կրկնակի փորձաքննություն նույն նմուշի հիման վրա, մինչդեռ այդ նմուշի պահպանման ժամկետը երկու անգամ անցած է եղել: Տնօրենը նշեց, որ ստուգումը իրենց մոտ անցել է խաղաղ, հանգիստ, ունեցել են չնչին տեխնիկական սխալներ, օրինակ`  մատյան վարելու հետ կապված, ջերմաչափի, որոնք կարգավորել են:

Անի Թորոսյանը նաեւ նշեց, որ իրենք իրենց արտադրանքը ուղարկել են կրկնակի փորձաքննության եւ «անալիզների պատասխանը եղել է մաքուր»: «Կյանքի համար վտանգավոր բաներ չկան մեր արտադրանքում, ոչ մի թունավոր, սարսափելի բան ես ինքս թույլ չէի տա, որ գնար արտադրության մեջ: Մենք միշտ հսկում ենք մեր արտադրանքը: Մեր պատասխանները եկել են մաքուր, անկախ սննդի տեսչությունից` մենք ինքներս ենք հաճախ փորձաքննություն անում»,- ասաց Անի Թորոսյանը: Իսկ թե ինչն է պատճառը, որ իրենց փորձաքննության պատասխանը դրական է, իսկ ծառայությանը` բացասական, ապա տնօրենը ոչինչ չի կարող ասել,  գուցե մեթոդներն են տարբեր:

Տնօրենը պատրաստվում է երկուշաբթի օրը դիմել Սննդի անվտանգության պետական տեսչության` կարգավորելու այդ հարցը, քանի որ «դա նման է թյուրիմացության, ոչ մեկ ինձ չի ասել, որ իմ արտադրանքը  կասեցվում է»:  Նա հույս ունի, որ եթե այդ որոշումը իրեն է ուղղված, ապա անպայման կստանա այն, կձեռնարկեն միջոցներ` պարզելու նման բան եղել է, թե ոչ:  Տնօրենը նաեւ շեշտեց, որ 15 տարվա ընթացքում ոչ մի քաղաքացուց իրենց արտադրանք վերաբերյալ բողոք չեն ստացել:

Հիշեցնենք, որ  Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն 2013 թվականի հունիսի 14-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» (ԱՑԽՄ մանրէաբանական ցուցանիշով) եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» (ԱՑԽՄ, խմորասնկեր եւ բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով) արտադրանքները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:

Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա: