«Պանացեա» ՍՊԸ-ն դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայությանը` խնդրելով նորից նմուշառում կատարել «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակներից  եւ կրկնակի փորձաքննություն անցկացնել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, քանի որ այդ արտադրանքները ճանաչվել էին վտանգավոր:

Ընկերության տնօրենն ասաց, որ իրենք որեւէ կոնֆլիկտ չունեն Սննդի անվտանգության ծառայության հետ, պարզապես  նրանք ժամկետն անցած ապրանքն են փորձաքննության անցկացրել, իսկ այդ դեպքում, բնականաբար, կաթնամթերքը վտանգավոր կլինի: «Միակ խնդիրը այն է, որ փորձաքննության ժամանակ կրկնակի նմուշառում չի կատարվել, ապրանքի ժամկետը անցած է եղել, դա խոսում է այն մասին, որ ապրանքի որակում թերացումներ կլինեն»,- ասաց նա: Դրանից բացի` ընկերությունը իր արտադրանքից մի քանի նմուշառում ուղարկել է տարբեր լաբորատորիաներ` փորձաքննության նպատակով:

Անի Թորոսյանը տեղեկացրեց, որ ծառայության` իրենց արտադրանքի վրա արգելք դնելու որոշումը ստացել են երկուշաբթի կեսօրին: Այս օրերին ընկերությունը արտադրանք չունի, այն կվերականգնվի, երբ արգելքի որոշումը հանվի:  Տնօրենը նշեց, որ իրենց հավատարիմ սպառողները զանգահարում են  եւ բողոքում, թե ինչու շուկայում չկա արտադրանքը:

Նշենք, որ, որ  Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները: Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա: Ընկերության տնօրենն ասել էր, թե մայիսի 31-ին  իրենց արտադրանքից նմուշառում են արել, փորձաքննություն նշանակել, որի պատասխանը եղել է բացասական: Դրանից հետո անցել է 10 օր, կատարել են կրկնակի փորձաքննություն նույն նմուշի հիման վրա, մինչդեռ այդ նմուշի պահպանման ժամկետը երկու անգամ անցած է եղել