Լեհական Բելոստոկ քաղաքի դատախազը պատին նկարված սվաստիկան կոչել է երջանկության ասիական խորհրդանիշ: Լավատեղյակ դատախազը հրաժարվել է փնտրել նկարի հեղինակներին: Գործին միջամտել է Գլխավոր դատախազությունը, քանի որ լեհական օրենքներն արգելում են նացիզմի քարոզ:

Հունիսին քաղաքի հակաֆաշիստները բողոքել էին դատախազությանը` տրանսֆորմատորային կրպակի պատին արված սվաստիկայի պատճառով: Պաշտոնյայի պատասխանը զարմացրել էր, քանի որ վերջինս հրաժարվել էր գործ հարուցել: Նա բացատրել էր, որ սվաստիկան միշտ չէ, որ ֆաշիզմ է պրոպագանդում, քանի որ միաժամանակ հանդիսանում է «Ասիայում տարածված երջանկության խորհրդանիշ», գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Kurier Poranny պարբերականի կայքը:

Այս մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից հետո գլխավոր դատախազ Անջեյ Սերեմետը անձամբ է խոսել դատախազի հետ:  «Հիմնավորումների հատվածում ներկայացված դրույթն այն մասին, որ սվաստիկայի խորհրդանիշը միշտ չէ, որ ասոցացվում է ֆաշիստական կարգերի հետ, ճիշտ չէ, եթե հաշվի առնենք լեհական պատմական եւ հասարակական իրականությունը»,-ասվում է Տադեուշ Մարեկի մամուլի հաղորդագրությունում:

Սվաստիկան բարօրության եւ բարգավաճման հնագույն խորհրդանիշներից է: Այն կապված է արեգակնային սիմվոլիկայի եւ խաչի ձեւի հետ, որը եւս ի սկզբանե Արեւի խորհրդանիշ է եղել: 1935-45թթ. սեւ կամ սպիտակ ֆոնով շրջանակված սվաստիկան համարվել է Գերմանիայի պետական խորհրդանիշ: