Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ: 

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է եւ ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» եւ «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը` 1000 դրամ

Մետաղը եւ հարգը` արծաթ, 9990

Քաշը` 31,1 գ

Տրամագիծը` 38,0 մմ

Դրամաշուրթը` հարթ, համարակալված

Որակը` պրուֆ

Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: