Իտալիան կարող է 8 միլիարդ եվրո կորցնել եվրագոտի մտնելիս կատարված գաղտնի ֆինանսական գործողության պատճառով: Այդ գործողության շնորհիվ 1999թ. Իտալիան, թեեւ ունեցած պարտքերին, կարողացել էր մտնել եվրագոտի:
Ըստ երկրի Գանձապետարանի գաղտնի զեկույցի, որին վկայակոչում է Financial Times-ը, 90-ականների վերջում Իտալիայի ֆինանսների նախարարությունը մասնավոր բանկերից մինչեւ 31,7 միլիարդ եվրո վարկեր էր ստացել դեֆիցիտը կրճատելու համար, որն էլ երկրին թույլ էր տվել 1999թ. եվրագոտի մուտք գործել: Հետագայում վարկերը վերաձեւակերպվել էին:
Փաստաթուղթն ուսումնասիրած փորձագետները պնդում են, որ պարտքի վերաձեւակերպումը Իտալիայի ֆինանսների նախարարությանը թույլ է տվել ձգձգել արտասահմանյան բանկերին հասանելիք վճարումները, սակայն որոշ դեպքերում՝ երկրի համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Դա կարող է երկրի գանձարանի համար արժենալ 8 միլիարդ եվրո, գրում է gazeta.ru-ն:
NEWSru.com-ը գրում է, որ անցյալ տարի գերմանական Der Spiegel ամսագիրը գրել էր, որ 1998թ. ԳԴՀ-ի կանցլեր Կոլը արհամարհել էր այն նախազգուշացումը, որ Իտալիան չի համապատասխանում եվրագոտի մտնելու պահանջներին:




























