Հայաստանի զինված ուժերը բավարար մարտական պատրաստականություն եւ սպառազինություն ունի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություն հետ մղելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Երեւանում, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Բացի այդ, Հայաստանի զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինությամբ եւ տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող տեխնիկային եւ սպառազինությանը»,-նշել է ասուլիսին ներկա Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից սպառազինության ցանկացած գնում անհանգստության տարրեր է պարունակում, բայց այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում եւ Հայաստանը շարունակում է մոդեռնիզացնել իր զինված ուժերը:
Իր հերթին, Բորդյուժան նշել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից սեփական զինված ուժերի անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, նաեւ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց շարքում են 102-րդ բազան, պետական սահմանի պաշտպանությունը, ինտենսիվ ռազմատեխնիկական համագործակցությունը, որպես օգնություն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները, համատեղ վարժանքների իրականացումը, հաստատում են, որ ստեղծված համակարգը, որը կազմված է երեք մակարդակներից՝ ազգային, հայ-ռուսական եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունից, թույլ են տալիս խոսել Հայաստանի անվտանգության բավական բարձր մակարդակի մասին:
«Այս մասին խոսել են մեր ռուս գործընկերները, Հայաստանի ղեկավարությունը: Ես ուզում եմ հաստատել, որ այդ բազմաէշելոնային համակարգը այսօր թույլ է տալիս վստահորեն նայել վաղվա օրվան եւ զբաղվել երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցերով»,-նշել է Բորդյուժան:




























