Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել քաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման նպատակով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ գումարի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ:

Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով  նախատեսված է ապահովել թեքահարթակի  8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ եւ հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում եւս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաեւ փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երեւանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է`ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն: