«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր է գործում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարել է «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության Եվրոպայի եւ Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնը՝ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունը:

Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրել է, որ խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը,  ինչի արդյունքում  ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։

Նիկոլաս Ջայն Նիելսոնի  հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, եւ համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են:

«Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարեւոր է,  որ  կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել  են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի եւ աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծել է նախարարը:

Նախարարը շեշտել է, որ եղել են  այնպիսի  բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, եւ որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ:

Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրել է նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ: