Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ հունիսի 27-ին, քննարկվել են Երեւանի բրենդավորման հարցեր։ Քննարկմանը մասնակցել են Երեւանում գործող զբոսաշրջային ոլորտի, հյուրանոցային եւ զբոսաշրջային ինդուստրիայի, մարքեթինգային եւ տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր ներկայացնել Երեւանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Մասնակիցները նաեւ կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երեւան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։
Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը հանդիպում-քննարկման մասնակիցներին է ներկայացրել տարածքային բրենդինգի չափանիշները եւ դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։
Նշենք, որ Երեւանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն եւ լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտից իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների եւ Մաեւտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի համատեղ աշխատանքների արդյունքում:





























