Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք  է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի  վճարումների ծառայության Երեւանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադեւոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ,  յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ:

Մասնավորապես` Գ.Թադեւոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը եւ Վ.Գրիգորյանը պարզել են տեւական ժամանակ կենսաթոշակ չստացած  եւ կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:

Այնուհետեւ 2009 թ. մայիսից մինչեւ 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում  վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը եւ Վ.Գրիգորյանը, վճարային ցուցակներում  կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են  իրենց վստահված կենսաթոշակի գումարները եւ Գ.Թադեւոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս.Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Է.Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը։