Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․Կճոյանը հերքում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Աշոտ Սուքիասյանի հետ 2010թ հանդիպել են գործարարների, այնուհետեւ ճաշել «Նոյան տապան» ռեստորանում: Այս մասին նշված է Արարատյան Հայրապետական թեմի տարածած հաղորդագրության մեջ:
«Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության եւ ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը: Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Հետք.am» կայքը նոր մանրամասներ է հրապարակել օֆշորային սկանդալի վերաբերյալ: Ըստ կայքի, Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին:
Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ մեր հարցազրույցից «Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես եւ իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից: Զրուցել ենք Սիերա Լեոնեի եւ նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն եւ ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որեւէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց»,- ասված է նրա հարցազրույցի մեջ:
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք Hetq.am-ում
Հիշեցնենք, որ ըստ hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել:





























