Հունիսի 29-ին մեկնարկող եւ հուլիսի 21-ին ավարտվելիք «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքն արդեն մեկ դարից ավելի է՝ Ֆրանսիայում ամառային գլխավոր ազգային մարզական իրադարձությունն է: Այս մասին այսօր` հունիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` ներկայացնելով «Տուր դը Ֆրանս» հոբելյանական հարյուրերորդ հեծանվավազքը:
Ըստ դեսպանի` հունիսի 29-ին «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի մեկնարկը կսկսեն 22 թիմեր, որոնցում կներկայացվեն 25 ազգությունների մարզիկներ: Մրցույթները կսկսվեն Կորսիկայում: 189 հեծանվորդներ եւ կազմակերպիչների բազմաթիվ մեքենաներ կանցնեն Կորսիկայի չորս քաղաքներով: ««Տուր դը Ֆրանս»-ից թողարկումները կհեռարձակվեն 190 երկրներում: Մրցույթը կլուսաբանեն 2300 լրագրողներ», - նշել է դեսպանը:
Նա նաեւ հայտնել է, որ մրցույթի եզրափակիչը կսկսվի հուլիսի 21-ին` Վերսալի պալատի բակից: Այն կավարտվի Ելիսեյան դաշտերում: ««Տուր դը Ֆրանս»-ի հայուրերորդ հոբելյանի առթիվ հեծանվորդները եզրափակիչ գիծը կհատեն երեկոյան` Փառքի կամարի մոտ 10 պտույտ կատարելով»: Հոբելյանական հեծանվավազքին կմասնակցի լիոնահայ Կակոյանը:
1903թ.-ից ի վեր հեծանվավազքին մասնակցել է 15 հազար մարզիկ: Ըստ Ռենոյի` ամեն տարի կազմակերպիչները դիտարկում են 250 թեկնածություն: Այս տարի հեծանվավազքի 21-րդ փուլի համար 31 քաղաք էր ընտրվել: Նրանցից յուրաքանչյուրը կազմակերպիչներին պետք է մասնակցության համար վճարի. առաջին փուլի քաղաքների համար այն կազմում է 60 հազար եվրո, իսկ վերջին փուլի քաղաքների համար` 100 հազար եվրո: 24 հազար ոստիկան ապահովելու են 12 միլիոն հանդիսատեսի անվտանգությունը:





























