Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանխել են կեղծ «Ռեդդի» յուղի ներկրումն ու իրացումը: Այդ մասին այսօր՝ հունիսի 28-ին հայտարարեց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը՝ Ստեփանակերտում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ նիստում:
Կանխարգելիչ միջոցները ձեռք են առնվել այն բանից հետո, երբ Հայաստանում ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է կեղծ «Ռեդդի» յուղերի իրացման դեպքեր: Կեղծ «Ռեդին» իսկականից տարբերվում է նրանով, որ ֆիրմային անունը նշված է անմիջապես տարայի վրա, իսկ իսկականը՝ փաթեթավորման վրա:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ կարեւորում են Արցախի գործընկերների կողմից իրենց տեղեկատվական բազայի օգտագործումը, եւ միշտ էլ պատրաստ են աջակցել Արցախում անբարեխիղճ մրցակցության դեպքերը քննելու հարցում: Լ. Մնացականյանի խոսքով՝ հենց որ Հաաստանում կեղծ ապրանքների հայտնաբերման վերաբերյալ տեղեկություններ են ստացվում, իրենք անմիջապես միջոցներ են ձեռք առնում դրանց հնարավոր ներթափանցումը Արցախ կանխելու եւ հայտնաբերելու համար: Ա. Շաբոյանը խոստացավ օժանդակել ԼՂՀ հակամրցակցային մարմնին՝ նորացնել պաշտոնական կայքը, եւ ՏՄՊՊՀ կայքում ԼՂՀ մրցակցային մարմնին հատուկ տեղ հատկացնել:
Լ. Մնացականյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահում Արցախում գնագոյացման խնդիրները, եւ կարողացել են հասնել նրան, որ մոտ 27 անուն դեղերի գները 5-20%-ով իջել են:
Համատեղ նիստի ընթացքում ՏՄՊՊՀ մասնագետները Արցախի իրենց գործընկերներին ներկայացրին Հայաստանի շուկայում ապրանքային նշանների կամ արդյունաբերական նմուշների նմանակման կամ առանց թույլտվության օգտագործման հետ կապված դեպքերը, դեղերի պետգնումների ոլորտում հայտնաբերած խախտումները: Հատուկ ուշադրություն դարձվեց նաեւ գնագոյացման խնդիրներին (հավի ձվի օրինակով):





























