«Ռուսալ-Արմենալ» գործարանը կեղծիք է որակում 105 աշխատակիցների փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հայտարարությունը:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի վերաքննիչ դատարանը 2013 թ. ապրիլ 5-ի որոշմամբ բեկանել է Երեւան քաղաքի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը` «Արմենալ» գործորանի սառը գլանման աշխատակիցներին  վնասակարության համար հավելավճար հատկացնելու մասին` որպես անհիմն եւ սխալ: Հայաստանի գերագույն դատական ատյանը` ՀՀ Վճռաբեկ դատարանը,  չի ընդունել բողոքը, որը բանվորների անունից ներկայացրել է «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը` որպես իրավական հիմնավորումից զուրկ (ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը սույն թվականի մայիս 29-ի): Վճռաբեկ դատարանն իր վճռի 2-րդ կետով ամրագրեց, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իր կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման»:

Սակայն պրն. Լ.Բաղդասարյանը չի ընդունել բարձր դատական ատյանների որոշումները եւ առանց էական փաստարկների շարունակում է ստահոդ հայտարարությունների տարածումը «Արմենալ» գործարանի եւ «Ռուսալ» ընկերության հասցեին` ճգնելով դրանց հաղորդել կեղծ սոցիալական ուղղվածություն:

Լ.Բաղդասարյանի այս ակտիվության առիթով, որն ուղղված է դատական ատյանների օրինական որոշումների դեմ, «Արմենալ»-ի մամուլի ծառայությունը հայտարարում է հետեւյալը.

Լ.Բաղդասարյանի հայտարարությունը «Արմենալ» Աֆրիկայից աշխատակիցներ հրավիրելու գործարանի ղեկավարության մտադրության վերաբերյալ բացարձակ կեղծիք է եւ հորինվածք:

Գործարանի տնօրինությունը երբեւէ չի սպառնացել բողոքող բանվորներից որեւէ մեկին աշխատանքից հեռացումով կամ որեւէ այլ վարչական ճնշմամբ:

“Արմենալ» գործարանը Հայաստանի ամենաարդյունավետ արտադրողներից եւ արտահանողներից է` ռուսաստանյան սեփականության ներքո, որն անմիջաբար ապահովում է երաշխավորված աշխատանք, բարձր աշխատավարձ, սոցիալական արտոնություններ 700 հայաստանյան ընտանիքի, բացի այդ նաեւ հարյուրից ավելի աշխատակիցների, որոնք ներգրավված են տեղական գործընկեր կազմակերպություններում: Գործարանը լիովին եւ աներկբա հետեւում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ռուսալ»-«Արմենալ» գործարանի աշխատակիցների դատապաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա խոսքով` պետությունն արդեն երկու տարի է ուշադրություն չի դարձնում նրան, որ վնասակար արտադրություններում աշխատող աշխատակիցներին հավելավճար չեն վճարում` առողջությանը վնաս պատճառող արտադրությունում աշխատելու համար: «Ստացվում է, որ պետությունն արդյունքում հավելավճարը կտրամադրի կենսաթոշակի հետ: Իսկ ահա գործատուն հրաժարվում է»,-հայտարարել էր Բաղդասարյանը: