Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու ԼՂՀ հանրային ծառայություններն ու մրցակցությունը կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 28-ին համատեղ ստուգայց կատարեցին Ստեփանակերտի խանութներում: Նպատակն էր՝ հայտնաբերերել տեղի խոշոր սուպերմարկետներում անբարեխիղճ մրցակցության դեպքերը:

Առաջին իսկ սուօպերմարկետում մի շարք ապրանքներ վաճառվում էին առանց հայերեն մակնշման, օրինակ՝ օճառները, սառեցված հավերը: Սուպերմարկետի տնօրենն ասաց, որ առաջին անգամ են լսում, որ առանց հայերեն մակնշման իրավունք չունեն ապրանք վաճառել: Բացի այդ՝ ապրանքի ողջ տեսաանին ձեռք են բերում Հայաստանից, սակայն ներմուծողները միշտ չէ, որ ապրանքը հանձնում են մակնշված; ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության մասնագետ Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտի սուպերմարկետները պետք է բացառեն Հայաստանում հայերեն չմակնշված ապրանքների ձեռքբերումը, այլապես դա կդիտարկվի որպես օրենքի խախտում եւ կառաջացնի պատասխանատվության միջոցի կիրառում: Քանի որ խախտումը առաջին անգամ էր՝ ամենայն հավանականությամբ ԼՂՀ մրցակցային մարմինը կբավարարվի նախազգուշացումով:

Այլ էր խնդիրը Ստեփանակերտի «Սամուել» սուպերմարկետում: Այնտեղ սփրեդը վաճառում էին որպես կարագ: Ընդ որում՝ խանութը ապրանքը գնել է որպես «բուսասերուցքային մածուկ», սակայն վաճառում է որպես կարագ՝ կգ-ը 700 դրամով: Ա. Հովհաննիսյանը նշեց, որ սփրեդը վտանգավոր կամ վնասակար սնունդ չէ, սակայն չի կարելի այն վաճառել կարագի անվան տակ, քանի որ կարագը բացառապես կենդանական ծագում ունի: