Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հունիսի 28-ին Աթենքում Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ հանդիպմանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:
Հույն գործընկերոջ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կողմ է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությանը:
ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլը: Նա ընդգծել է, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը:
Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումներին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ` նշելով, որ այն լուրջ վնաս է հասցնում ԼՂ բանակցային գործընթացին:
Իր հերթին, Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրաարդյունաբերական երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի: ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին տեղեկացրել է, որ 2013-ի սեպտեմբերին Երեւանում կկայանա հայ-հունական գործարար համաժողով:





























