Արգենտինան ու Հայաստանը կարող էին համագործակցել լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ռիվերան` Հայաստանի եւ Արգենտինայի ներդրումային հնարավորությունները ներկայացնելիս: Միջոցառումն անցկացվել է Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատում:

«Համագործակցության հնարավորություններ կարելի է գտնել գրեթե բոլոր ոլորտներում: Արգենտինան հայտնի էր հանքարդյունաբերությամբ, սակայն Հայաստանում արգենտինյան ընկերություններն այս ոլորտում առայժմ չեն աշխատում»,-ընդգծել է դիվանագետը:

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, հավելել է նա, չի համապատասխանում պոտենցիալին, սակայն վերջին տարիներին աճում է: Արգենտինայից Հայաստան արտահանումը 2012թ կազմել է 5,76 մլն: 2010թ համեմատ`ցուցանիշն աճել է 1,75 մլն դոլարով: Հայաստանից արտահանման ծավալը մնում է տարեկան 0,5 մլն դոլարի մակարդակում:

Արգենտինայից Հայաստան հիմնականում արտահանում են գյուղատնտեսական ապրանքներ` կարագ, թռչնամիս, կաթի փոշի, թութուն: Հայաստանից արտահանվում է հիմնականում ֆերրոմոլիբդեն: