Մոսկվայում կրակել են ձեռնարկատիրոջ եւ նրա թիկնապահի վրա: Նա սպանվել է «Երմակ» գեղեցկության սրահի մոտ:  Երբ տղամարդը թիկնապահի ուղեկցությամբ դուրս է եկել փողոց, մի քանի կրակոցներ են հնչել: Գործարարը սպանվել է, թիկնապահը` լրջորեն վիրավորվել:

Հայտնի է, որ սպանվածը գեղեցկության սրահի մշտական այցելուն էր: Հետաքննության տվյալներով` սպանվածը 41-ամյա Սերգեյ Պյանովն էր, ով «Ռեկստալ ընկերությունների խումբ» ԲԲԸ գործադիր տնօրենն էր:

Անհայտ տղամարդը կրակել է առնվազն 6 անգամ, ինչի արդյունքում սրահից դուրս եկած տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, Life News-ին հաղորդել է Քննական կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովը: Պյանովի 26-ամյա թիկնապահը տեղափոխվել է հիվանդանոց:

«Ռեկստալ ընկերությունների խումբ» ԲԲԸ-ն հիմնականում զբաղվում է մայրաքաղաքի տարածքում խանութների, առեւտրի տների եւ բենզալցակայանների կառուցմամբ ու վերակառուցմամբ: Ընկերության ծառայություններից օգտվում է «ԱՏԱԿ» սուպերմարկետների ցանցը: