Վրաստանի բնակչության 4 տոկոսը գտնում է, որ Հայաստանն իրենց երկրի համար սպառնալիք է հանդիսանում: Հարեւան երկրում իրենց հիմնական թշնամի են համարում Ռուսաստանին: Թուրքիայից վախենում է բնակչության 6 տոկոսը:
Այսպես, Վրաստանի բնակչության 57 տոկոսի համար Ռուսաստանը թշնամի է, 30 տոկոսի համար` բարեկամ: Այս մասին ասվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումում, փոխանցում է «Գրուզիա Online»-ը: Հետազոտությունն իրականացվել է IRI պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ: Հարցվել է 3998 քաղաքացի:
Թշնամիների ցանկում է նաեւ ԱՄՆ-ն, սակայն հարցվածներից 41 տոկոսի համար վերջինս, այնուամենայնիվ, բարեկամ է: Գործընկեր-պետությունների թվում ԱՄՆ-ն առաջին հորիզոնականում է, հետո հետեւում են Ադրբեջանն ու Ուկրաինան: Ինչ վերաբերում է թշնամիներին` հարցվածներից 4 տոկոսի համար դա Հայաստանն է, 6 տոկոսի համար` Թուրքիան:




























