Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն, այսօր՝ հունիսի 28-ին, մի շարք կտրուկ հայտարարություններ է արել Կիեւի հասցեին: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուս-ուկրաինական նոր «գազային հակամարտության» մասին, որի գագաթնակետն էլ հենց դարձել է Միլլերի հայտարարությունն այն մասին, որ «Գազպրոմ»-ում որոշել են հրաժարվել ուկրաինական ստորերկրյա գազապահեստարանների օգտագործումից եւ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար կանխավճարներից:
«Մենք շատ խիստ որոշում ենք կայացրել. Երբեք, ոչ մի պայմանի դեպքում գազ չլցնել ուկրաինական ստորերկրյա գազապահեստարանները»,-ասել է Միլլերը եւ հավելել, որ «Գազպրոմն» այդ հարցում խիստ բացասական փորձ ունի:
Նա ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում նաեւ նշել է, որ «Գազպրոմն» այլեւս կանխավճարներ չի վճարելու Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը երկու օր առաջ «Նավթոգազի» ղեկավար Եվգենի Բակուլինի հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ «Գազպրոմը» մտադիր է «Ուկրաինայի նավթոգազ»-ին կանխավճար տրամադրել 1 մլրդ խմ գազի տարանցման համար», հաղորդում է «Ռոսբալտը»:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային նոր հակամարտության պատճառն այն է, որ Ուկրաինան Արեւմտյան Եվրոպային գազ է ներմուծել, ինչը ռուսական կողմն անօրինական է համարում:





























