«Երեւան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երեւանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երեւանի համայնապատկերը։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։

Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ Երազանքների Երեւանը։

Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։

Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ,  ինքնատիպ դրսեւորում քաղաքային միջավայրում։

 Երեւանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երեւանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաեւտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում: