Հաջորդ տարվանից նախատեսվում է Հայաստանում զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է, որ ներկայումս բանակում իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ: Դրանցից մեկն էլ, օրինակ, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձեւի փոփոխությունն է:
Նրա խոսքով՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, որի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքներ:
Ըստ նախարարի՝ արդեն շարունակական դարձած խորհրդարանական լսումներն ու տարաբնույթ քննարկումները մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նրա խոսքով՝ ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաեւ հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:





























