Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների վիճակն ու ռազմական կարիքների համար իրականացվող գնումների գործընթացը գոհացուցիչ չեն: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մտահոգիչ է համարել զինված ուժերում քրեական գործերի քննության գործընթացը, արձանագրված խախտումների շարունակականությունը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նկատել է, որ դեռեւս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման եւ ամրապնդման գործում:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահություն է հայտնել, որ եռակողմ՝ խորհրդարան-պաշտպանության նախարարություն-հանրություն համագործակցությունը բարերար ազդեցություն կունենա ոլորտի վրա, եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:





























