Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջեւ այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար բոլոր հնարավորությունների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը: