Դաղստանի Հասավյուրտ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են տեղացի գործարարներից մեկի տունը։ Գործարարն ու ընտանիքի անդամները դուրս են բերվել տնից։ Հանրապետության ՆԳՆ-ից հայտնել են, որ տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես վախեցնելուն միտված քայլ։

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը դիմակավոր չորս չարագործներ զենքի սպառնալիքով տնից դուրս են հանել գործարարին ու նրա ընտանիքի անդամներին, հետո տանը ռումբ են պայթեցրել։ Տուժածներ չկան։ Ռումբի հզորությունը տրոտիլային համարժեքով 40-50կգ է գնահատվում։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ պայթեցված տան տերը Կազբեկ Ալհամատովն է, որը Հասավյուրտ շրջանի 2009թ. սպանված ղեկավար Ալիմսուլթան Ալհամատովի ազգականն է։

Գործակալության աղբյուրը պատմել է, որ Կազբեկ Ալհամատովը Հասավյուրտ շրջանում բնակվող կումիկների ոչ պաշտոնական առաջնորդն է։ Ալիմսուլթան Ալհամատովը սպանվել էր 2009թ. Մոսկվայում։ Սպանության գործման կասկածանքով մեղադրանք էր ներկայացվել Հասավյուրտի քաղաքապետի ազգական Հաբիբ Ումահանովին։