Հայաստանի համար իրականում ընտրության հետ կապված խնդիրներ չկան ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ չեն լինի ոչ մինչեւ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ոչ դրանից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` միակ խնդիրը, որ այսօր գոյություն ունի, տեխնիկական է: Այն կայանում է ոչ թե Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ ընտրության հնարավորության, այլ պայմանավորված է նրանով, թե կկարողանան արդյոք հայկական եւ եվրոպական կողմերի համապատասխան մարմինները համաձայնեցնել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը` ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու եւ Ասոցացված անդամության մասին համաձայնագրերը ստորագրելու համար:
Անդրադառնալով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հայտարարությանը ` Հայաստանի առջեւ ծառացած ընտրության վերաբերյալ` ԵՄ ազատ առեւտրի գոտու եւ Մաքսային միության հետ կապված, Մինասյանն ասաց. «Առաջին հերթին, ես վստահ չեմ, որ Լեհաստանի նախագահի հայտարարությունը հենց այդպես է մեկնաբանված, երկրորդը` եթե նախագահը նման տեղեկատվություն է տվել, ամենայն հավանականությամբ, բավարար չափով տեղեկացված չէ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա ու չի լինի Արեւմուտքի եւ Արեւելքի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության խնդիր»:




























