Անհրաժեշտ է անհետ կորած ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենք ընդունել, որը թույլ կտա օգնություն հատկացնել նրանց ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, այսօր Հայաստանում նշում են Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։
Ըստ նրա՝ հայ հանրությունն այնքան էլ ծանոթ չէ Արցախյան պատերազմում անհետ կորածների խնդրին։ Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ Անհետ կորածների հիշատակի օրը համընկնում է մի քանի կամավորական ջոկատների ոչնչացման օրվա հետ։
«Մարաղա գյուղի դեպքերից հետո մեր զինվորները մտադիր էին ամբողջությամբ ազատագրել Մարտակերտի շրջանը, Լենինավանի տարածքը (Մարագա գյուղ եւ Մարգուշեւան), սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- նշել է Լարիսա Ալավերդյանը եւ անդրադարձել այն հարցին, որ ՊՆ-ում մոտ 90 մարդու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հավաքվել, որոնք արդեն փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ինքն ունի 952 անհետ կորածներից կազմված ցուցակ։ «Պատերազմական գործողությունների ընթացքում մենք Մարտակերտի շրջանում 547 անհետ կորածներից բաղկացած ցուցակ ունեինք։ Դեպքերից մեկ տարի անց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը այդ խմբից 19 մարդու վերադարձրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծել է, որ երբ 1998թ. հարցում արվեց, ադրբեջանցիները հայտարարեցին, որ իրենց մոտ էլ ոչ ոք չկա։ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո կտրուկ խզվեցին կապերը հասարակական կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ հաջողվել էր վերդարձնել 2000-ից ավելի հայերի, այդ թվում՝ 20 երեխայի եւ 47 կնոջ։ Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այդ ընթացքում կրկնակի թվով ադրբեջանցիներ են վերադարձվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























