Սանկտ Պետերբուրգում ոստիկանների պահանջով վաղաժամկետ դադարեցվել է նույնասեռականների  իրավունքների պաշտպանությանը նվիրված հավաքը:

Ցույցին մասնակցել են երկու տասնյակ նույնասեռական ակտիվիստների եւ նրանց  երկու հարյուր հակառակորդներ: Ոստիկանների խիստ հսկողության տակ գտնվող գեյերը ցույցն անցկացրել են մետաղական  պատնեշից այն կողմ, ինչը, սակայն, նրանց հակառակորդներին չի խանգարել ակտիվորեն բողոքել ցույցի դեմ:  Հակառակորդները, որոնց շարքում ռազմաօդային ուժերի երկնագույն գլխարկներով անձինք եւ կազակներ են նկատվել, փորձել են անցնել պատնեշը՝ գեյերին հարվածելով ձվերով, քարերով, դյուրավառ  նյութերով, հայտնում է fontanka.ru-ն:

Կես ժամ անց ոստիկանությունը նախընտրել է ցույցի մասնակից նույնասեռականներին նստեցնել ավտոբուս եւ  տանել անհայտ ուղղությամբ: 

Ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Ձերբակալվածների թվում կան նույնասեռական ակտիվիստներ, որոնք հրաժարվել են լքել հավաքի վայրը, ինչպես նաեւ նրանց հակառակորդներ, որոնք էլ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: