Անցած տարի սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին այսօր` հունիսի 29-ին հուշաքար է տեղադրվել Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ:

«Հարսնաքարի» մոտ են հավաքվել «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամները, հասարակական ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ` հիշատակի տուրք մատուցելու օլիգարխի թիկնապահների կողմից սպանված զինվորական բժշկին:

Հավաքվածները փորձել են տեղադրել «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» վերտառությամբ հուշաքար: Ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, խոչընդոտել են ակտիվիստներին, քաշքշել, սակայն վերջիններս պնդել եւ կարողացել են տեղադրել հուշաքարը:

Ցուցարարների թվում են ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ այլք:

Հավաքվածները մոմեր եւ պաստառներ են բռնել, որոնցից մեկի վրա գրված է «Օլիգարխիա-Հայոց բանակ 2:0» Ակցիայից հետո կայանալու է երթ դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, 2012թ. հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում:

2012թ. հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:

Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ներկայումս ընթանում է դատավարություն,  ամբաստանյալի աթոռին նստած են Հայրապետյանի թիկնապահներն ու ռեստորանի աշխատակիցներ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, սակայն Ավետյանի հարազատների եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ակրծիքով, հենց նա պետք է պատիժ կրի հայ սպայի սպանության համար: Այս մեկ տարվա ընթացքում բողոքի բազմաթիվ գործողություններ են եղել: