Խորվաթիան դարձել է ԵՄ-ի 28-րդ անդամը: Երկրի մայրաքաղաք Զագրեբում տոնական միջոցառումներ են տեղի ունենում:
Հանդիսավոր ճառերից հետո նվագախումբը կատարել է Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայի «Ուրախության ներբողը»` ԵՄ-ի պաշտոնական հիմնը: Հավաքվածներին են դիմել Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Հուլիսի 1-ի կեսգիշերին սահմանային անցակետերում Խորվաթիայի դրոշների կողքին հայտնվել է ԵՄ-ի խորհրդանիշը: Մաքսայիններն այլեւս հարկ չեն գանձել ԵՄ-ի այլ երկրների սահմանները հատող ապրանքներից, հայտնում է «Ռոսբալտը»:
Սակայն Խորվաթիան դեռ չի պատրաստվում եվրո կիրառել եւ չի դառնա Շենգենյան գոտու անդամ: Ներկայումս երկրի տնտեսությունը վատ վիճակում է: Որոշ եվրոպական երկրներ անհանգստացած են Խորվաթիայում կոռուպցիայի եւ հանցավորության բարձր մակարդակից:
ԵՄ մուտք գործելու Խորվաթիայի հայտ ներկայացնելուց հետո անցել է 10 տարի: Մայիսի 16-ին Գերմանիան վերացրել է ԵՄ ընդգրկվելու Խորվաթիայի ճանապարհի վերջին ձեւականությունը` վավերացնելով նրա անդամակցության պայմանագիրը:





























