ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում հրդեհը հանգցնելիս զոհվել է 25 հրշեջ: Ըստ վերջին տվյալների` եւս 22 հրշեջ տուժել է, որոնցից ութի վիճակը բժիշկները ծանր կամ օրհասական են գնահատում:
Ըստ Fox-10 հեռուստաալիքի` հրդեհը բռնկվել էր հունիսի 29-ին` Յարնել քաղաքում, պատճառը կարող էր լինել կրակի հետ անփույթ վարվելը:
50 տան բնակիչներ տարհանվել են, 600 մարդ էլ գտնվում են ժամանակավոր կացարաններում: Հունիսի 30-ին հրդեհն սաստկացել է, իսկ այն մարելուն խանգարել են ուժեղ քամին եւ օդի բարձր ջերմաստիճանը: Հրշեջ բաժանմունքի ներկայացուցիչները նշում են, որ կրակը տարածվել է գրեթե ողջ Յարնել փոքրիկ քաղաքով: Կրակը ոչնչացրել է 250 բնակելի տուն: Չի հաղորդվում, թե արդյոք կան տուժածներ տեղի բնակիչների շարքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի հրշեջ ծառայություններն ամենամեծ կորուստներն են կրել 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո:





























