Վրաստանում Ռուսթավիի քաղաքային դատարանը Թբիլիսիի քաղաքապետարանի բարձրաստիճան չորս աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա նախնական կալանքը:

Հունիսի 30-ին դատարանն ազատել էր նրանց՝ կալանքը ապօրինի ճանաչելով: Սակայն ավելի ուշ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ խափանման միջոց է ընտրել կալանքը:

«Նովոստի-Գռուզիան» հայտնում է, որ դատարանի որոշման առթիվ վրդովմունք է հայտնել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որի կարծիքով «դատախազությունը ճնշում է գործադրել դատարանի վրա, եւ դա ոչ այլ ինչ է, քան կեղծարարություն»:

Հիշեցնենք, Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քաղաքապետարանի բյուջեից ապօրինի յուրացումների գործով հարցաքննել է Թբիլիսիի քաղաքապետարանի 30 աշխատակիցների: Ավելի ուշ քննչական ծառայությունում հաղորդել էին չորս հոգու ՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Ալավիձեի, «Թբիլիսիի զարգացման հիմնադրամի» նախագահ Դավիթ Ավալիանիի, քաղաքապետարանի գնումների վարչության պետ Ալեքսի Թաբուաշվիլիի, Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեի ձերբակալման մասին:

Նրանք  48 մլն 930 հազար 822 լարիի  (30 մլն դոլարից ավելի) չափով բյուջետային միջոցների վատնումների մեջ են մեղադրվում: